Արսեն Թորոսյանը այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ քիչ առաջ այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

«Նրանցից մեկի ոտքը արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին։

Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»։

Հիշեցնենք, որ 07.11.2018թ.՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են, հայտնում է ՔԿ-ն։

Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ և «Գորիս» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: