Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները. Գեորգի Մելիքյանը խնդրում է իր պաշտպանյալին Արցախից տեղափոխել ՀՀփ

Փաստաբան Գեորգի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ գրություն է հասցեագրել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ համաներումը տարածել նաև ԼՂՀ տարածքում դատապարտված և պատիժը կրող ՀՀ քաղաքացիների վրա, որը  մերժվել է: Նա դիմել է ՀՀ և Արցախի նախագահներին, վարչապետի պաշտոնակատարին։

Կից գրության բովանդակություն․

«Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Ա․Սարգսյանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ՝ Բ․Սահակյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Ն․Փաշինյանին

Մեծարգո նախագահներ և վարչապետ,

Խորին հիասթափությամբ իմ դժգոհութունն եմ հայտնում երկու երկրների արդարադատության նախարարությունների աշխատանքից և վարած քաղաքականությունից, որի արդունքում խախտվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Շուշի ՔԿՀ դատապարտյալ, Արտակ Սամվելի Սաքոյանի հիմնական իրավունքները և օրինական շահերը։

Իրականացնելով Արտակ Սաքոյանի շահերի պաշտպանությունը իրազեկում եմ, որ Արտակ Սաքոյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով Լեռնային Ղարաբաղի հանրապետության ընդհանուր իրավասսւթյան առաջին ատյանի դատարանի 08.02.2018 թվականի դատավճռով դատապարտվել է ազատազրկման երկու տարի վեց ժամկետով։

Պատիժը կրում է 13.11.2017 թվականից։

Արտակ Սաքոյանը դիմել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն, իսկ ես որպես պաշտպան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն որպեսզի Արտակ Սաքոյանի հետագա պատժի կրումը իրականացվի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից «Նուբարաշեն»-ում կամ «Արմավիր»-ում։

Երկու երկրների արդարադատության նախարարությունները մերժել են հիմնականում պատճառաբանելով, որ նախարարները գտնում են տեղափոխումը ոչ նպատակահարմար։

Ցավալին այն է, որ Արտակ Սաքոյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ազատվեր ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքով հետագա պատժի կրումից։

Նախարար պարոն Զեյնալյանը մերժելով և նպատակահարմար չգտնելով տեղափոխումը անտեսել է որ խոսքը գնում է ՀՀ քաղաքացու մասին ում շահերի պաշտպանության պարտավորություն ունի Հայաստանի Հանրապետությունը համաձայն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 8-րդ մասի․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են»:

Նախ անընդունելի եմ համարում այն, որ Արտակ Սաքոյանը դատապարտվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան տարածքում դա ՀՀ սահմաններից դուրս է հանդիսանում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, բացառությամբ արտաքին աշխարահի համար՝ ձևականորեն, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ որպես անկախ պետություն ճանաչելու հարցը։

Վերոգրյալը առնվազն անվիճելի հաստատվում է հենց ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ձեռք բերելու փաստով՝ արտաքին աշխարհի հետ կապը հաստատելու համար։

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴի ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴի 01.12.1989 թվականի որոշման 3-րդ մասում նշված է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:

Նույն որոշման 4-րդ մասի համաձայն՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:

Արդյոք ՀՀ-ում ընդունվող բարելավող օրենքը չպետք է կիրառվի վերամիավորման ենթակա երկու պետությունների քաղաքացիների վրա, ընդ որում Արտակ Սաքոյանի ազատումը հենց վերամիավորման ուղղությամբ իրագործվող քայլերից մեկը պետք է հանդիսանա որպես անհրաժեշտություն։

Ավելին ՀՀ քաղաքացիները ծառայելով ազգային բանակում և ծառայությունը իրականացնելով ԼՂՀ տարածքում, արդյոք այն իրականացնում են այլ երկրի տարածքում, թե վերամիավորման քայլերի շրջանակում դա անհրաժեշտություն է որպես մեկ երկիր պաշպանությունը իրականացնել։

Կարծում եմ՝ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունն Արցախը զգում է միավորված ՀՀ-ի հետ՝ մեկ Հայաստանում՝ որոշ առանձնահատկություններով հանդերձ: Այդ առանձնահատկությունները գալիս են օբյեկտիվ իրականությունից՝ ԼՂՀ կարգավիճակից: Այնուամենայնիվ, և՛ օբյեկտիվորեն, և՛ սուբյեկտիվորեն ՀՀ և ԼՂՀ ինտեգրացումն իրականություն է բազմաթիվ ուղղություններում՝ ազգային ինքնություն, անվտանգություն, տնտեսություն և այլն: Իսկ միակ հիմնական տարբերությունը ներքաղաքականն է, ինչն էլ տրամաբանական է հռչակված երկու պետությունների գոյության և դրանից բխող այլ հանգամանքների պայմաններում:

ՀՀ արդարադատության նախարար, պարոն Ա․Զեյնալյանը մերժելով նրան ուղղված պաշտպանի խնդրանքը, առնվազն պետք է հաշվի առներ, որ ԼՂՀ այլ պետության տարածք չի հանդիսանում, թեև այնտեղ է դատապարտվել, սակայն Արտակ Սաքոյանը որպես ՀՀ քաղաքացի պետք է օգտվի բարելավող օրենքի՝ ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքով հետագա պատժից ազատվելու հնարավորությունից, ուստի իր նախաձեռնությամբ պետք է կազմակերպեր Արտակ Սաքոյանի և նրա կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխումը ՀՀ կալանավայր ապահովելու Հայաստանի Հանրապետությունում ընդունվող նրանց վիճակը բարելավող օրենքի կիրառումը։

Այնինչ, ակնհայտ պետությունը ի դեմս Ա․Զեյնալյանի և ԼՂՀ արդարադատության նախարարի խուսափել են իրականացնելու ՀՀ քաղաքացու պաշտպանությունը՝ բարելավող օրենքի հիման վրա։

Թեև ըստ էության վիճելի հարց է բարձրացվում և չեմ բացառում այլ տեսակետների առկայությունը, այդուհանդերձ ակնկալում եմ հարցի լուծումը ՀՀ քաղաքացու պետության պաշտպանության ներքո գտնվելու իրավունքի ապահովման սկզբունքի գերակայությամբ, նրա վիճակը բարելավող օրենքի կիրառման անհրաժեշտությամբ։

Վերոգրյալի հիման վրա մեծարգո նախագահներին և վարչապետին՝

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

Աջակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Շուշի ՔԿՀ դատապարտյալ, Արտակ Սամվելի Սաքոյանի տեղափոխումը ՀՀ կալանավայր և նրա վիճակը բարելավող օրենքի՝ ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին օրենքով հետագա պատժի կրումից ազատումը։

Հարգանքով,
Արտակ Սաքոյանի պաշտպան՝ Գեորգի Մելիքյան»,-նշել է նա: