23 տարի պատիժ կրած ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանի դեպքը բացառիկ է Հայաստանի Հանրապետության համար․ փաստաբան

Ինչպես արդեն հայտնել էինք, ցմահ ազատազրկման դատապարտված Օգանեսյանը պայմանական ազատ է արձակվել պատժի հետագա կրումից։

Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ցմահ, բայց ոչ մինչև մահ…

Երեկ հիրավի բացառիկ իրավական դեպք է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։
Ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը, ով կալանքի տակ է գտնվում 1996թ-ի հունիսի 13-ից, պատժից պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել՝ կրելով իր նկատմամբ նշանակված պատժից 23 տարի 2 ամիս 2 օրը /նախկին օրենսգրքում առկա կարգավորումների պատճառով ունի հաշվակցում 9 ամիս 29 օր/։

Կարեն Օգանեսյանի դեպքը բացառիկ է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված անձը պատժից ազատվել է ոչ թե հիվանդության հիմքով, այլ պատժի կրման ընթացքում դրսևորած պատշաճ և բարեխիղճ վարքագծի համար։

Այսինքն Հայաստանի Հանրապետությունը երկար տարիների ընթացքում հետևելով Կ. Օգանեսյանի վարքագծին, իր կողմից ապահովելով պատժի նպատակների իրականացումը հանգել է հետևության, որ Կարեն Օգանեսյանը ուղղվել է և այլևս կարիք չունի պատիժը հետագայում կրելու։
Այս ողջ գործընթացի ընթացքում իրենց ուրույն դերն են ունեցել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը, ինչպես նաև դատական համակարգը ի դեմս դատավոր Արթուր Մկրտչյանի, ով իր կողմից 16.10.2018թ-ին կայացված որոշմամբ «կոտրեց» մոտ 30 տարի ձևավորված այն կարծրատիպը, թե ցմահ դատապարտյալները պատժից պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակվում և ստեղծեծ աննախադեպ նախադեպ…

Այսուհետ Հայաստանի Հանրապետության ցմահ դատապարտյալները կունենան պատժի կրման ուղենիշեր, որոնք պահպանելու դեպքում, հնարավոր է, որ ցմահ դատապարտումը չնշանակի ի մահ դատապարտում…

Կարեն Օգանեսյանի կողմից պատժի կրման ընթացքում վերջինիս խնդրով հետաքրքրվել և իրենց դիրքորոշումն են հայտնել բազմաթիվ անձիք, կազմկարպություններ, պետական մարմիններ, լրատվամիջոցներ ում հայտնում ենք խորին շնորհակալություն…
Կարեն Օգանեսյանը այլևս ազատության մեջ է և հանդիսանում է հասարակության լիիրավ անդամ»։

Լուսանկարում աջից՝ Միհրան Պողոսյանը, Կարեն Օգանեսյանը