Ինչպե՞ս պետք է լուծել այն պրոբլեմը, երբ հանցագործը սխալվում է իր զոհի հարցում. Գերմանիայի Գերագույն դատարանը լուծել է այսպիսի մի գործ

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թե ինչպես պետք է լուծել այն պրոբլեմը, երբ հանցագործը սխալվում է իր զոհի հարցում, այն է՝ կա՛մ նշան է բռնում ու կրակում սխալ մարդու վրա (error in persona), կա՛մ նշան է բռնում ու կրակում իր ուզած մարդու վրա, սակայն գնդակը շեղ է գնում ու դիպչում ուրիշի (aberratio ictus), արդեն գիտենք (տես համապատասխան խնդրի լուծումը)։

Շատ ավելի բարդ է այն պրոբլեմը, երբ հանցագործն իր զոհին նշանառության տակ է վերցնում ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ, օրինակ՝ զոհի մեքենայի մեջ ռումբ տեղադրելով կամ նրա սառնարանում թունավորած կաթ դնելով, սակայն ոչ թե ցանկալի զոհն է նստում մեքենա կամ խմում կաթը, այլ մեկ ուրիշը․ error in persona, թե aberratio ictus?

Գերմանիայի Գերագույն դատարանը լուծել է այսպիսի մի գործ։ Մի մարդ իր նկուղում հնարավոր գողերի համար մի շիշ թունավորած լիմոնադ է դնում՝ հույս ունենալով, որ դրանով կթունավորվի մի պոտենցիալ հանցագործ։ Ու քանի որ նա նաև ոստիկանությանն էր տեղեկացրել, մի օր ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը նկուղում ուսումնասիրություններ կատարելիս տեսնում է լիմոնադի շիշը ու պատրաստվում խմել այն (բարեբախտաբար հաջողվում է կանխել)։ Այն հարցի առնչությամբ, թե արդյոք տանտերը կատարել է սպանության փորձ ոստիկանի հանդեպ, Գերագույն դատարանը որոշում է, որ հանցագործը (տանտերը) ոստիկանին՝ իբրև զոհ, երբևէ չի ներառել իր դիտավորության մեջ, այդ պատճառով առկա է aberratio ictus, այլ ոչ թե error in persona։

Գերագույն դատարանի այս որոշման հիման վրա գիտության մեջ փոքրամասնության կարծիք կա, որ մեքենայի մեջ ռումբ դնելու դեպքում ևս արարքը պետք է որակել իբրև aberratio ictus, քանի որ հանցագործը նման դեպքերում ի սկզբանե ցանկացել է սպանել մի շատ որոշակի անձի, և նրան, ով իրականում պոտենցիալ զոհի փոխարեն նստել է մեքենան ու պայթյունից մահացել, իր դիտավորության մեջ երբեք չի ներառել։

Գիտության մեջ գերիշխող կարծիքը, սակայն, մերժում է այդ մոտեցումը և նման դեպքերը որակում իբրև դիտավորության համար անէական error in persona vel objecto։ Հիմնավորումն այն է, որ զոհի ԱՆՈՒՂՂԱԿԻ նշանառության դեպքում ևս հանցագործի դիտավորությունը միշտ ուղղված է այն անձին, ով առաջինը կնստի մեքենան կամ առաջինը կխմի թունավոր կաթը ևլն։ Հանցագործն ինքն է ստեղծել սխալվելու այն հնարավորությունը, որ գուցե ուրիշ մարդ հայտնվի իր լարած թակարդում, ուստի ինքն էլ պիտի կրի դրա բոլոր հետևանքները։

Եվ վերջապես պետք է ուշադիր լինել ու ներկայացված իրավիճակը չշփոթել այն դեպքերի հետ, երբ հանցագործը թեև վնասում է «սխալ» զոհին, սակայն վերջին հաշվով համաձայն է նաև իր այդ սխալի հետ։ 2008 թվականին Գերմանիայի Գերագույն դատարանը լուծում է հետևյալ սարսափելի գործը։ Հանցագործ Հ-ն կացինով հարձակվում է իր կնոջ վրա պառկած (!) բարեկամ Բ-ի վրա (բարեկամներին վստահել պետք չէ, սակայն կացնահարում է ոչ թե Բ-ին, որը կայծակի արագությամբ մի կողմ է քաշվում, այլ իր կնոջը։ Error in persona, թե aberratio ictus???

Գերագույն դատարանը Հ-ին դատապարտում է կնոջը դիտավորությամբ սպանելու համար և մերժում է aberratio ictus-ը այն պատճառաբանությամբ, որ Հ-ն իր ոչ առաջնային նշանառության տակ գտնվող օբյեկտի ( = իր կնոջ) սպանության հետ, նկատի ունենալով դեպքի հանգամանքները, վերջին հաշվով համաձայն է եղել։

Գերմանական իրավունքը շատ հետաքրքիր է»: