Համացանցում են հայտնվել բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության վայրի կադրերը

Համացանցում են հայտնվել բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության վայրի կադրերը: Կադրերը հրապարակվել են Ruse Media-ի YouTube-ալիքում:

Տեսանյութում պատկերված է բուլղարական Ռուսե քաղաքի զբոսայգին, որտեղ սպանվել է 30-ամյա Վիկտորյա Մարինովան: Նրա մարմինը հայտնաբերվել է բաց տարածքում՝ ջրամբարից քիչ հեռու:

Հիշեցնենք, որ լրագրողուհու մարմինը գլխին ստացած հարվածի և խեղդամության հետքերով գտել են վերոնշյալ զբոսայգում: Իր վարած վերջին հաղորդմանը նա խոսել էր իր գործընկերների կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմաների մասին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերվել է կիրակի օրը: Կնոջից վերցրել էին հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցները։ Նա կիսամերկ էր և, ըստ հետաքննության, բռնաբարության հետքերով։

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքերով, հետաքննությունը բազմաթիվ ապացույցներ ունի: Ըստ վարչապետի՝ հանցագործին բռնելը ժամանակի հարց է:

Հետաքննությունը ուսումնասիրում է բոլոր տարբերակները, ներառյալ Մարինովայի լրագրողական աշխատանքների հետ կապված հարցերը: Միջազգային կազմակերպությունները պահանջել են, որ իշխանությունները հնարավորինս արագ պատժեն մեղավորներին:

«Ցնցված եմ Բուլղարիայում հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սարսափելի սպանության լուրից», – իր թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչՀարլեմ Դեզիրը։

Տեսանյութը՝ այստեղ: