Արամ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքի և հայտնի գաղտնալսված ձայանգրության մասին

Իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի ընկերներ, ներկայացնեմ իմ որոշ արդեն կուտակված մասնագիտական և իրավական նկատառումները հնարավորինս հակիրճ…

1) Անմեղության կանխավարկածը սահմանադրական սկզբունք է և իմ կարծիքով հասարակական հարաբերության գերակայող արժեք: Սկզբունքի գործողությունը չպետք է լինի սելեկտիվ, բացառություններով, այլ մշտապես գործող ելակետային մոտեցում՝ առանձ բացառությունների, բոլոր դեպքերով՝ աղմկահարույց թե ոչ: Նշվածը բոլորիս վարքագծի կանոնը պետք է լինի:

2) Սահմանադրական նորմի իրավական հետևանք առաջացնող մեկնաբանություններ կարող է տրամադրել բացառապես մեկ մարմին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը: Իրավական ակտի սահմանադրականությունը կարող է որոշել միայն մեկ մարմին՝ ՀՀ Սահմանադրական դատարանը: ՀՀ երկրորդ նախագահի դատավարության ընթացքը, հաշվի առնելով սահմանադրական լրջագույն իստիտուտների առկայության հարցը՝ կարող է որոշվել միայն սահմանադրական արդարադատության իրականացման միջոցով: Կարևորելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որն արձագանք է առաջին ատյանի որոշման՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելու հարցը բավարարելու դեպքում պետք է դիմի ՀՀ Սահմանադրական դատարան: Ցանկացած այլ մեկնաբանություն չի կարող ունենալ իրավական հետևանք, հատկապես իրավունքի սահմանափակման հանգեցնող:

3) Անձնագիրը վերցնելու վերաբերյալ՝ պատասխանը շատ հստակ է՝ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանվել է ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ առ այն, որ հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում: Պետք է ընդգծել՝ ՀՀ սահմանադրական դատարանը՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նշված հարցի վերաբերյալ կարգավորումը՝ սակայն ՍԴՈ-1360 որոշմամբ ՀՍՏԱԿ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ, որով արգելել է առանց խափանման միջոցի առկայության վերցնել անձնագիր: Իրավական դիրքորոշումները իրենց ազդեցությամբ ըստ էության համարժեք են՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու որոշումներին, պարզապես նման որոշումը ընդունվում է այն դեպքերում, երբ ինքնին իրավական նորմը խնդրահարույց է և/կամ գործնական մեկնաբանման արդյունքում առաջացնում է խնդիրներ, սակայն առկա չէ օրենսդրական միջամտության հարցը: Արդյունքում խնդիրը հաղթահարվում է իրավական դիրքորոշման ընդունմամբ, որը իր իրավական ուժով, բնույթով պարտադիր կատարման ենթակա է: Հետևաբար առանց խափանման միջոցի որոշման անձնագիր վերցնելը օրինական չէ և արգելվում է:

4) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը նույնիսկ բողոքարկման պարագայում չի ենթադրում դրա իրավական հետևանքների կասեցում: Անձեռնմխելիության սկզբունքի ամրագրման դեպքում, քանի դեռ այլ դիրքորոշում չի ընդունվել՝ խափանման միջոց կիրառելու իրավական հիմքերը լուրջ խնդիր են առաջացնում:

5) Քննիչի, դատախազի լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է: Արգելքը վերաբերում է առհասարակ բոլորին: Պարզապես քննիչի դեպքում դատախազը կարող է տալ օրինական ցուցումներ, որոնք քննիչի կողմից կարող են բողոքարկվել: Դատարանի՝ արդարադատության իրականացմանը ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև Եվրոպական մի շարք այլ երկրների օրենսդրությունները սահմանում են, ոչ թե հստակ մեթոդներով, այլ առհասարակ ցանկացած ձևով միջամտելու արգելք:

6) Հայտի ձայնագրությամբ հիշատակված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ առվազն պետք է հարուցվի կարգապահական վարույթ, ավելի հստակ՝ դիտարկվի լիազորությունների դադարեցման հարցը»: