Դատավորները մեղադրյալներին բաժանել են երկու խմբի՝ «հատուկների» և «հասարակների»․ փաստաբան

Փաստաբան Լիանա Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր ես դիմել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևյալ դիմում բողոքով.
«…Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի / Շենգավիթի նստավայր՝ դատավորներ Ա. Դանիբեկյան, Վ. Մարգարյան/ վարույթում են քննվում Թիվ ԵԴ/0361/01/18 և Թիվ ԵԴ/0430/01/18 քրեական գործերը, որոնցով որպես ամբաստանյալների պաշտպան հանդիսանում եմ ես:

Ե՛վ նախաքննության ընթացքում, և՛ դատաքննության ընթացքում ես բազմիցս միջնորդություններ եմ արել իմ պաշտպանյալների վերաբերյալ՝ ամբաստանյալի նկատմամբ որպես կալանավորման այընտրանքային խափանման միջոց՝ գրավ, կիրառելու մասին:

Նշեմ նաև, որ Թիվ ԵԴ/0361/01/18 քրեական գործով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Ազարյանը նույնիսկ չքննարկեց վերաքննիչ բողոքս և թողեց անհետևանք:  Այսօր ես մամուլով տեղեկացա, որ հերթական անգամ նույն դատարանը հիսուն միլիոն ՀՀ դրամ գումարի դիմաց ազատ է արձակել Հայկ Սարգսյանին:

Նշանակում է, որ դատավորները մեղադրյալներին բաժանել են երկու խմբի՝ «հատուկների» և «հասարակների»: Փաստորեն եթե իմ պաշտպանյալները հասարակ են, ապա նույնատիպի գործերով չեն կարող ազատ արձակվել: Գտնում եմ, որ այստեղ իրավաբանություն չկա, դատավորները խախտում են քաղաքացիների հավասարության սկզբունքը ցուցաբերելով ակնհայտ կամայականություն:
Ելնելով վերոգրյալից՝
Խնդրում եմ,
Ստուգման ենթարկել թիվ ԵԴ/0361/01/18 և թիվ ԵԴ/0430/01/18 քրեական գործերը համեմատելով վերջերս աղմկահարույց գործերով ազատ արձակված «հատուկ» կարգավիճակ ունեցող մեղադրյալների գործերի հետ և պարզել, թե դատավորները ինչու են նման կամայականություններ դրսևորում տարբեր քրեական գործերով…»։