Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է պատմական ռեկորդ

Օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է պատմական ռեկորդ` սպասարկվել է 329.665 ուղևոր, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 մլն 872 հազար 998 մարդ, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ընթացիկ տարվա օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 347 հազար 492 մարդ ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով:

Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ցուցնիշներով ուղևորահոսքի պատմական ռեկորդ է սահմանվել. սպասարկվել է 329 հազար 665 ուղևոր:

Նշենք նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 17 տոկոսով:

2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, 2017 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 9 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 10 հազար 976 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 14 հազար 535 տոննա ապրանք:

2018 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 17 հազար 827 մարդ : 2017 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 11 հազար 972 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ուղևորահոսքը կազմել է 111 հազար 813 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 56 հազար 243 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: