Գոյություն չունեցող իրավանորմերի՝ Սահամանդրության հետ անհամատեղելիության նախնական հաստատումը հակասում է իրավանորմերի վերացական վերահսկողության իմաստին. Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը գրում է.

«ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդ. 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու նպատակով:

Խոսքն ըստ էության իրավանորմերի վերահսկողության մասին է։ Սահմանադրական դատարանը հանրապետության նախագահի այդ դիմումը քննում է վերացական վերահսկողության վարույթում, քանի որ ոչ մի կոնկրետ գործ նախագահի դիմումի հիմքում ընկած չէ: Իրավանորմերի վերացական վերահսկողության վարույթում սահմանադրական դատարանը ստուգում է որոշակի ԻՐԱՎԱՆՈՐՄԵՐԻ համապատասխանությունը Սահմանադրությանը: Վերացական սահմանադրական վերահսկողության համար տրամաբանորեն անհրաժեշտ է իրավանորմերի գոյություն, որովհետև հնարավոր չէ ստուգել մի բան, ինչը գոյություն չունի: Հետևաբար, հարց է ծագում, թե երբ է սկսվում նորմի իրավական գոյությունը:

Իրավանորմն իր իրավական գոյությունն սկսում է, ըստ տրամաբանության, իրավաստեղծման գործընթացն ավարտվելու պահից, որովհետև միայն իրավաստեղծման գործընթացի արդյունքում են ստեղծվում իրավանորմեր: Հետևաբար, օրենքները կարող են վիճարկվել հենց այդ պահից:

Իսկ ե՞րբ է ավարտվում իրավաստեղծման գործընթացը: Իրավաստեղծման գործընթացն ավարտվում է իրավանորմը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու պահից (ՀՀ Սահմ․ 6-րդ հոդ․ 3-րդ մաս), որովհետև ձևականորեն այդ գործողությամբ է ավարտվում իրավաստեղծման գործընթացին բոլոր մասնակիցների գործունեությունը: Նորմի իրավական գոյության համար նրա ուժի մեջ մտնելը պարտադիր չէ: Նորմի ուժի մեջ մտնելը, որի համար կարելի է սահմանել ցանկացած ավելի ուշ ժամկետ, այլևս իրավաստեղծման գործընթացի մաս չէ, այլ սոսկ ԻՐԱՎԱՆՈՐՄԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է:

Այսպիսով, իրավանորմերի սահմանադրական վերահսկողության համար վճռորոշ է ոչ թե նորմի ուժի մեջ մտնելու պահը, այլ նորմը սահմանված պարբերականում (Պաշտոնական տեղեկագրում) հրապարակելու պահը: Դրանից առաջ իրավական իմաստով դեռևս ՉԿԱ իրավանորմ, հետևաբար հնարավոր չէ ստուգել գոյություն չունեցող ինչ-որ բանի սահմանադրականությունը:

Այսպիսով, քանի որ իրավանորմերի վերացական սահմանադրական վերահսկողությունը ենթադրում է արդեն գոյություն ունեցող իրավանորմեր, ուստի դեռևս գոյություն չունեցող իրավանորմերի՝ Սահամանդրության հետ անհամատեղելիության նախնական հաստատումը հակասում է իրավանորմերի վերացական վերահսկողության իմաստին, ծագման պատմությանը և պաշտպանական ֆունկցիային: Գոյություն չունեցող իրավանորմերի սահմանադրականության ստուգումը ԲԱՑԱՌՎՈՒՄ Է: Քանի դեռ իրավաստեղծ մարմինը նորմը վերջնական չի ընդունել և նրա բովանդակությունը վերջնական չի ձևակերպել, ապա այն՝ իբրև դեռևս գոյություն չունեցող իրավանորմ, չի կարող լինել իրավանորմերի վերահսկողության առարկա: Դա կլինի ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՍԴՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ։

Սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումը (ՀՀ Սահմ․ 168-րդ հոդ․ 2-րդ կետ) անհրաժեշտ բացառություն է նշված մոտեցումից, որովհետև ի տարբերություն օրենքների, որոնք կարող են ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ու անվավեր ճանաչվել նաև ուժի մեջ մտնելուց հետո, այդ հնարավորությունը չկա արդեն գործող Սահմանադրության մաս դարձած հակասահմանադրական սահմանադրական նորմերի դեպքում։ Հետևաբար, անհրաժեշտ է ԿԱՆԽԵԼ հակասահմանադրական սահմանադրական նորմերի գոյությունը։

Այս մասին կարելի է կարդալ Հարավկովկասյան Իրավաբանական Ամսագրի 5-րդ համարի 207-րդ (ռուսերենով) և 421-րդ (անգլերենով) էջերում»: