Երևանում ապօրինի բացօթյա առևտրի դեմ պայքարն` առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում

Մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի ակտիվացման, հակահիգիենիկ վիճակի ստեղծման հետևանքով հանրային առողջությանը սպառնացող ռիսկերը կանխելու ու մտահոգիչ մի շարք երևույթներ վերացնելու առաջարկով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրուցել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ:«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը կտրականապես արգելում է մրգի, բանջարեղենի և այլ մթերքների բացօթյա վաճառքը: Նախարարը կարևորել է ստեղծված վիճակը վերացնելու ուղղությամբ վերահսկողության ուժեղացումը:

Այս մասին հայտնում են առողջապահության մամուլի ծառայությունից։

Երևանի քաղաքապետարանում այսօր քննարկվել են բարձրացված հարցերը, կարևորվել է մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման առավել համակարգված գործողությունների ձեռնարկումը:

Արեյանը նկատել է, որ ապօրինի բացօթյա առևտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, և հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել: Քաղաքապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կան առևտրի համար առանձնացված վայրեր, և քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի խնդիրն է բացառել առևտուրը դրա համար չնախատեսված վայրերում:

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Արտակ Պողոսյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են օգնել` վճռական պայքար ծավալելու բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:

Կամո Արեյանն առաջարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել Հանրապետության հրապարակում և այլ վայրերում անհայտ ծագման գազի բալոնների օգտագործումն արգելելու ուղղությամբ, քանի որ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Դրանց միջոցով տեղում քաղցրավենիքի որոշ տեսակների պատրաստումը և վաճառքն առաջացրել է մարդկանց առողջությանը սպառնացող հակահիգիենիկ իրավիճակ: Այդ առումով քաղաքապետի պաշտոնակատարը կարևորել է նաև առողջապահության նախարարության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կտրուկ քայլերի ձեռնարկումը:

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների առևտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում և պուրակներում ամենօրյա շրջայցեր կիրականացնեն: