Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է Վրսատան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նրա գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում էին:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Այցի նպատակն էր խորացնել երկկողմ գործակցությունը և փոխանակվել առողջապահության ոլորտի փորձով:
Այցի շրջանակում Արսեն Թորոսյանը հանդիպել է Բռնազավթված տարածքներից բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկոյի և նրա առաջին տեղակալ Զազո Բոխուայի հետ: Գործընկերները կրկին քննարկել են երկու երկրրի միջև առողջապահության ոլորտում համագործակցության հուշագրի պայմանները:
Քննարկման հատուկ թեմա են դարձել Վրաստանում գործող առողջապահական համընդհանուր համակարգը, բուժծառայության ֆինանսավորման մեխանիզմները և դրանց մատչելիությունը:
Օրակարգային հարցերից են եղել Հայաստանի և Վրաստանի դեղագործական շուկաներում և դեղերի մատչելիության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:
Անդրադարձ է կատարվել Վրաստանում 2018 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած՝ ծխախոտի վերահսկողության մասին օրենքին, որով արգելվում է ծխախոտային արտադրանքի օգտագործումը ցանկացած տիպի հաստատությունում: Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել հասարակական վայրերում ծխախոտի արգելքն ու ընդգծել, որ Հայաստանը ևս ներկայումս քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: ՀՀ առողջապահության նախարարը հետաքրքրվել է օրենքի ընդունմանն ու ներդրմանն առնչվող հարցերով:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է Վրաստանի առողջապահական ենթակառուցվածքներին, այցելել մի շարք բուժհաստատություններ, մասնավորապես, ընտանեկան բժշկության ազգային կենտրոն: