Ոստիկանությունը պարբերաբար ուղիղ եթեր դուրս կգա

ՀՀ ոստիկանության ֆեյբուքյան պաշտոնական էջում հայտարարություն է արվել, որում ասվում է․

«​Նկատի ունենալով մեր քաղաքացիների ակտիվությունը սոցիալական ցանցում, հաշվի առնելով ոստիկանության ծառայությունների հանդեպ հասարակության հետաքրքրությունը, ոստիկանությունն այսուհետ՝ պարբերաբար, ուղիղ եթեր դուրս կգա «ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia» ֆեյսբուքյան էջով: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կամ ծառայության պատասխանատուն անմիջապես, օնլայն կպատասխանի քաղաքացիներին հուզող հարցերին: Ուղիղ եթերի հյուրի, թեմայի, օրվա ու ժամի մասին տեղեկությունը նախապես օրեր առաջ կհայտարարվի: Հարցերը նամակի միջոցով կարող եք նախապես ուղարկել ոստիկանության ֆեյսբուքյան էջին, կամ ուղիղ եթերում՝ անմիջապես տեսանյութի տակ:
​Հուլիսի 19-ին՝ ժամը 14-ից, ոստիկանության ուղիղ եթերի առաջին հյուրը կլինի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
​ Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված՝ ակտիվանում է երկրից դուրս ճամփորդությունների քանակը, որը և իր հերթին մեր քաղաքացիների շրջանում առաջացնում է հարցեր. ինչպես ստանալ անձնագիր, ինչ ժամկետում է այն տրամադրվում կամ ինչ փաստաթղթեր են հարկավոր, մինչև 16 տարեկան երեխաների համար անձնագրավորման ինչ ընթացակարգ է գործում, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար ինչպես դիմել, ինչ փաստաթղթեր ներկայացնել և այլն։ Բոլոր այս ու նմանատիպ այլ հարցերին օնլայն կտրվեն պատասխաններ»: