Թամարա Շաքարյանը՝ մի շարք վարչական իրավախախտումների կատարման համար նշանակված տուգանքների համաներման նախագծի մասին

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս, ԵԽ ազգային փորձագետ, ի․գ․թ․, դոցենտ Թամարա Շաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մամուլում տարածված հաղորդագրությունների համաձայն՝ ՀՀ կառավարության նիստում ներկայացված «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագիծը վերաբերում է մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքներին:
Մինչդեռ նախագծի կարգավորումներից այլ բան է բխում: Մասնավորապես՝

1.Հիշյալ օրենքի նախագծի վերնագիրը և կարգավորման առարկան անհրաժեշտ է համապատասխանեցնել ՎԻՎՕ դրույթներին, այսպես՝ ՎԻՎՕ 301-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է ամնիստիայի ակտ հրատարակվելու դեպքում, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը: Իսկ ՎԻՎՕ 282-րդ հոդվածի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, մարմինը (պաշտոնատար անձը) ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` վարչական տույժ նշանակելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին:Այսինքն՝ վարչական իրավախախտման կատարման դեպքում կայացվում է վարչական տույժ նշանակելու և ոչ թե կիրառելու մասին որոշում, իսկ որոշման կատարումը դադարեցվում է համաներման օրենքի ընդունմամբ, որը վերացնում է վարչական տույժի կիրառումը, այլ ոչ թե արդեն իսկ կիրառված վարչական տույժը: Եթե վարչական տույժը, տվյալ դեպքում տուգանքը արդեն իսկ կիրառված լինի, ապա նշանակում է, որ տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարված է:

Ուստի օրենքի վերնագիրը, որը պետք է համապատասխանի նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը և կարգավորման առարկային, անհրաժեշտ է վերաձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝ «Մի շարք վարչական իրավախախտումների կատարման համար նշանակված տուգանքների համաներման մասին»:

2. Անհասկանալի է օրենքի կարգավորման առարկան, որի համաձայն՝ օրենքը կարգավորում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներման հետ կապված հարաբերությունները: Նախ ինչու է նախագծում կիրառվել «մինչև» եզրույթը՝ «դեկտեմբերի 31-ը ներառյալ» եզրույթի փոխարեն, այսինքն՝ սահմանված կարգավորումից բխում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ օրենքը չի տարածվելու: Միևնույն ժամանակ, օրենքի նախագծում նշված չէ՝ որ ժամանակահատվածից սկսած է մինչև 2017 թվականը օրենքը տարածվելու, հետևաբար մնում է ենթադրել, որ այդ ժամանակահատվածը հետևյալն է՝ ՎԻՎՕ-ը ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:

Երկրորդ, օրենքի նախագծի 1-ին հոդվածի և 2-րդ հոդվածի կարգավորումները հստակ չեն այն իմաստով, որ ըստ վերը նշված 1-ին հոդվածի կարգավորման օրենքը տարածվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ, սա նշանակում է, որ նշված ժամակահատվածի դրությամբ դեռևս կարող է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կայացված չլինել: Իսկ 2-րդ հոդվածի դրույթներից բխում է, որը այն տարածվում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի նկատմամբ: Այսինքն՝ օրենքի նախագիծը տարածվում է ոչ թե մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումների վրա, այլ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերի, որոնք կարող են կայացված լինել 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետո:

3. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարի չվճարած մասը վճարելու պարտականությունից» բառերը անհրաժեշտ է փոխարինել «վարչական իրավախախտում կատարելու համար տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարումից, այդ թվում՝ տուգանքի գումարի չվճարած մասով»՝ համապատասխանեցնելով ՎԻՎՕ նորմերին, և դրանով իսկ ներառելով նաև տուգանքի ամբողջական գումարը:

4. Օրենքի նախագծի եզրութաբանությունը պետք է համապատասխանեցնել ՎԻՎ օրենսգրքի եզրութաբանությանը, իսկ օրենքի նախագիծը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին»: