Անվտանգության հարցը հեղափոխությունից առաջ և հետո․ Վիկտոր Ենգիբարյան

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ապրիլյան պատերազմի հասարակական մոբիլիզացիան հետաքրքիր հետազոտության առարկա է, իմ խորին համոզմամբ այն ուղիղ կապ ունի հեղափոխության հետ։ Մինչ պատերազմը մեր հասարակությունը ապացուցել էր, որ պատրաստ է զոհաբերել մեկ սերունդ, հանուն ավելի մեծ գաղափարի՝ անվտանգ Հայաստանի ու Արցախի։ Ապրիլյան քառօրյան դաս դարձավ ողջ հայության համար, այն է՝ անվտանգության խնդիրը լուծվում է երկրի սահմանների ներսում։ Հասարակության բոլոր շերտերը մոբիլիզացվեցին ժամերի ընթացքում։ Դպրոցներ, Բուհեր, համայնքներ, կամավորական ջոկատներ, մասնավոր հատված. բոլորը արագ եւ առանց պայմանավորվելու սկսեցին ցուցաբերել աջակցություն, ով ինչպես կարող էր, ում խելքը ինչպես փչում էր, զինվորական կոմիսարյատներում կուտակվում էին կամավորականների հերթեր։

Պատերազմից հետո բոլորը շունչ քաշեցին, կարծես Հայկական բանակին հաջողվեց չեզոքացնել թշնամուն։ Իսկ չանցած օրեր մամուլում հայտնվեցին «կերոսինային» ու կոռուպցիոն այլ սկանդալներ։ Հայաստանի նման փոքր երկրում, դժվար չէ պատկերացնել, որ նման լուրերը արագ տարածվում են, մասնավորապես շուրջ յոթանասունհազար զինծառայողների ընտանիքների կողմից։ ՊՆ-ն ու այլ պատասխանատու օղակները կոռուպցիոն սկանդալների մասին տեղեկությունները չհերքեցին, սկիզբ առավ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գործերի քննություն։

Արդյունքում, հանրությունը եկավ այն համոզման, որ կորուստների, այդ թվում մարդկային, հիմնական պատճառը երկրի ներսում է, այն կոչվում է «կոռուպցիա»։

Արդյունքում, մարդկանց գիտակցության մեջ առաջացավ հստակ համոզմունք. անվտանգության միակ երաշխիքը կոռուպցիայի վերացումն ու հասարակության միասնականությունն է։

Միասնականությունը կարող է ապահովել միայն բոլորի կողմից ընդունված առաջնորդող ուժը, որը նաեւ ի վիճակի է վերացնել կոռուպցիան։

Ժողովուրդը ցանկացավ, ժողովուրդն արեց։

Ավելի քան երբեւէ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ժողովուրդը միասնական են։

Իշխանափոխության հետեւանքով, ոչ միայն վերականգնվեց Հայկական ու ադրբեջանական ռազմական հավասարակշռությունը. Հայաստանը այսօր անգամներ ավելի անվտանգ է, քան երկու ամիս առաջ։

Ձայն բազմաց, ձայն Աստծո»։