Գարեգին Չուգասզյանն ազատ է արձակվել

«Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը, ով ձերբակալվել էր ապրիլի 24-ին, մայիսի 11-ին կալանքից ազատ է արձակվել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նաև Հովսեփ Խուրշուդյանը. «Գարեգին Չուգասզյանը ազատ արձակվեց: Շնորհավո՛ր: Տարոսը մյուս քաղբանտարկյալներին»:

Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի և մայիսի 11-ին առաջին փոխվարչապետ նշանակված, «Ելք» խմբակցության նախկին պատգամավոր Արարատ Միրզոյանը երաշխավորագիր էին ներկայացրել՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Աթենքի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը։

57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսիսց հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք։