Վերջին երեսուն տարվա մեջ մենք երրորդ անգամ ենք մեծ հույսեր կապում իշխանությունների հետ. Արծրուն Պեպանյան

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է.

«ԻՆՉՊԵՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԱՏԵԼ ՖԵՈԴԱԼԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐԻՑ

1.
1990-ին համազգային հզոր շարժումը, շատ ավելի հզոր, քան ներկայինը, հաղթեց ու իշխանության եկան շարժման առաջնորդները։ Մեծ էր կարգավորված երկիր ունենալու ժողովրդի հույսը։
Բայց այդ հույսերը ոչ միայն չարդարացան, այլև երկիրը գահավիժեց խոր անդունդ։

1998-ին ներիշխանական հակամարտության հետևանքով իշխանափոխություն եղավ, հները հեռացան, ընդդիմությունն իր ողջ կազմով եկավ իշխանության։
Մեծ էր կարգավորված երկիր ունենալու ժողովրդի հույսը։
Բայց այդ հույսերը ոչ միայն չարդարացան, այլև երկիրը գահավիժեց խոր անդունդ։

Վերջին երեսուն տարվա մեջ մենք երրորդ անգամ ենք մեծ հույսեր կապում իշխանությունների հետ, և ամենը հարկավոր է անել այս անգամ ևս չգահավիժելու համար։

Բայց դրանից խուսափել կարողանալու համար անհրաժեշտ է պարզել այն խորքային պատճառները, որոնք նախորդ երկու դեպքերում տարան մեզ դեպի գահավիժում։ Ցավոք մեր քաղաքական միտքը չի զբաղվել նշածս հարցերով, իսկ դա նշանակում է, որ վտանգն ուղեկից է մեզ։

Այդ պատճառների հետ կապված հրապարակումով հանդես կգամ առաջիկայում, իսկ հիմա կանդրադառնամ ոչ պակաս մի կարևոր հարցի։

2.
Իշխանության գործիքները նախարարություններն են։ Եթե դրանք գործում են ոչ արդյունավետ կամ գործում են ի վնաս, ապա իշխանության անհաջողությունը երաշխավորված է։ Եվ վարչապետի ու նաև կարգավորված երկիր ունենալու ձգտում ունեցողների առաջին խնդիրներից մեկը պիտի լինի այդ գործիքները կարգի բերելը։
Բնապահպանության նախարարությունում ընդմիջումով աշխատում եմ շուրջ երկու տասնամյակ, և ներքին խոհանոցին ու իրավիճակին քաջատեղյակ եմ։ Այն կարծիքին եմ, որ մյուս նախարարություններում էլ է նույն վիճակը՝ մեծ կամ փոքր շեղումներով։

Հիմնադրումից ի վեր այդ կառույցն ունեցել է տասից ավելի նախարարներ, որոնցից վեցի հետ աշխատել եմ։ Եղել են նախարարներ, ովքեր մտահոգված են եղել ոլորտի վիճակով և հնարավորն արել են այն կարգավորելու, նախարարությունում մարդկային հարաբերություններ հաստատելու համար։ Սակայն եղել են նաև պատահական մարդիկ, ովքեր կարգի բերելու փոխարեն կամ սառեցրել են կառույցը, կամ, որ ավելի վատ է, վնասել:

Այս վերջին դեպքում նախարարության աշխատակիցները հայտնվել են ֆեոդալական կարգերի ճիրաններում, աշխատակիցները փաստացի ոչ մի հնարավորություն չեն ունեցել ու չունեն նախարարի վրա ազդելու, նման նախարարներն էլ ինչ ինչ ձևերով կարգավորում են իրենց հարցերը բարձրագույն ղեկավարության հետ ու ոլորտը ճահճանում է, մեռնում: Ու նախարարության աշխատակիցները հարկադրված են եղել անմռունչ սպասել հաջորդ ընտրություններին՝ հուսալով, որ գուցե թե չհաջողված նախարարը կհեռանա ու իրենք կազատվեն ֆեոդալիզմի ճիրաններից։ Բայց միշտ չէ, որ այդ երազանքն իրականացել է։ Շատերը, հիմնականում բարձրակարգ մասնագետներ, չդիմանալով անառողջ մթնոլորտին, նպատակահարմար են գտել հեռանալ /նրանց թվում նաև տողերիս հեղինակը՝ հեռանալով, հրապարակայնորեն հայտարարել եմ, որ նախարարությունը վերածվել է գերեզմանոցի/, որի հետևանքով սոսկալիորեն ընկել է կառույցի որակը։

3.
Ես երկար եմ մտածել այս վիճակի մասին ու այս պահին հետևյալ միտքն է եկել ինձ․
– նախարարության, բնապահպանական ՀԿ-ների, ոլորտի գիտական շրջանակների ներկայացուչիցներից հավասար համամասնությամբ, վարչապետի հանձնարականով ստեղծվում է նախարարություններից կից, հասարակական հիմունքներով գործող հատուկ հանձնախումբ, որը լսում է նախարարի պաշտոնի թեկնածուներին ու իր անաչառ կարծիքն է ներկայացնում վարչապետին։

Հետագայում այդ հատուկ հանձնախումբը եռամսյակը մեկ լսում է նախարարի հաշվետվությունը, մոնիտորինգ է իրականացնում նախարարությունում ՝ կոլեկտիվում տիրող մթնոլորտը պարզելու համար և արդյունքների ու բացահայտած խնդիրների մասին զեկույց է ուղարկում վարչապետին, որը կարելի է նաև հրապարակել։

Կարծում եմ այս կերպ հնարավոր կլինի ֆեոդալիզմը արմատախիլ անել նախարարությունից և նպաստել գործադիրի աշխատանքի արդյունավետության բարցրացմանը, մինչև որ ավելի կատարյալ վերահսկման համակարգ կստեղծվի»: