Ռեգիոնալ էլիտայի ըմբոստությունը. Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2013 թվական փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ Նախագահի ընտրությունների արդյունքներին ես իմ բնորոշումն ունեի՝ «քաղաքային հեղափոխություն»։ Սի քանի բացառությամբ, քաղաքների բնակչությունը քվեարկեց ընդդիմադիր Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին։ Փաստ էր, որ արդեն այդ ժամանակ քաղաքներում ունեինք միջին խավ ու արմատներ տված քաղաքացիական հասարակության։

Դրանից հետո տեղի ունեցան տրանսպորտի թանկացման դեմ, «Մաշտոցի պուրակի» և այլ բողոքի ակցիաները՝ ավելի ամրապնդելով ու ընդգրկուն դարձնելով «քաղաքային հեղափոխության» տենդենցը։ Բայց այդ ամենը միայն Երևանում։

«Քայլ արա» շարժումն, ըստ էության, քաղաքային հեղափոխության եզրափակիչ ակորդ էր մեկ լրացմամբ՝ շարժմանը ներգրավվեցին նաև մյուս համայնքները։ Բացառությամբ մոտ մեկ տասնյակ քաղաքների, մյուս քաղաքներում ու գյուղերում դա միջին խավի կամ քաղհասարակության հեղափոխություն չէր, այլ ընդվզում՝ ռեգիոնալ էլիտայի լուռ թողտվությամբ կամ ակտիվ աջակցությամբ։ Մեղմ ասած՝ «Տանուտերերն ու իշխանները» չաջակցեցին «արքունիքին»։

Պատճառները շատ են, այդ թվում ապակենտրոնացման բացակայության պատճառով տեղական իշխանություններին հրահանգներով կառավարելու խորհրդային տենդենցի ուժգնացումը, որի պատճառով գյուղերում ու քաղաքներում ընտրվող անձինք, ըստ էության, իրենց անձնային հեղինակությունը ի սպաս էին դնում պետական համակարգին, վերածվելով չինովնիկների, մաշելով իրենց հեղինակությունը՝ արդյունքում դելեգիտիմիզացվում որպես ընտրված պաշտոնյա։

Ավելին, համայնքների ղեկավարները տարբեր շահերի խմբերի համար դարձել էին քավության նոխազ։ ՀԿ-ները ՏԻՄ-երին բացասական էին թիրախավորում գրանտներ ստանալու համար, լրատվամիջոցները՝ նեգատիվ բնույթի լրահոսի պահանջարկին արձագանքելով, կառավարությունը՝ վերահսկելի պահելու համար։ Համայնքների լուռ ըմբոստությունը վաղուց էր հասունացել։ Վերջին ակորդներից մեկը եղավ 2017 թվականի դեկտեմբերին Դիլիջանում Համայնքների միության ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը։ «……մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»։ Սերժ Սարգսյանի այս խոսքերը շատ անպատեհ հնչեցին ու ընդհանրացված։ Բաժանարար սեպը վերջնականորեն գամվեց։

Մյուս հինական պատճառը դարձավ համայնքների խոշորացումը, երբ շատ վիճարկելի փաստարկներով, կենտրոնական իշխանությունն ընդամենն իրեն ավելի հարմարավետ կառավարման համակարգ էր կառուցում՝ 10 համայնքապետի փոխարեն 1-ի միջոցով աշխատելու համար։ Ավելին, բնակիչների կարծիքը սկզբում երկրորդվեց, ապա ընդհանրապես արհամարվեց, իսկ երբ առանձին տեղերում ըմբոստացումներ եղան՝ հետևեցին ադմինիստրատիվ ճնշումները։ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով և ՀՀ Սահմանադրությամբ համայնքների լսված լինելու իրավունքը չապահովվեց։

Վերջին երկու տարում 465 համայնքներ միաձուլվեցին՝ ձևավորվեց 52 համայնք։ Եվս 450 համայնք արդեն մեկ տարի անորոշության մեջ էին՝ խոշորացման հեռանկարը նրանց էլ էր սպասվում։

Բոլորը կարծես արդեն հաշտվել էին, երբ սկսվեց «Քայլ արա» շարժումը։ Գյուղական բնակչության ճնշված զայրույթը, խոշորացման արդյունքից դժգոհ 465 գյուղական համայնքների նախկին գյուղապետերի, ավագանու անդամների, աշխատակազմերի ու նրանց աջակիցների, խոշորացման վտանգի տակ գտնվող 450 համայնքների տեղական էլիտաների բողոքը մարմնավորման հնարավորություն ստացավ։ Շատերը «մատը մատին չխփեցին» իրենց բնակիչներին հեռու պահելու համար շարժմանը մասնակցելուց, իսկ շատերը ուղղակիորեն նպաստեցին, որ իրենց բնակիչները միանան շարժմանը։ Տեղական էլիտաներն ըմբոստացան։ Ապացույցը՝ այս օրերին գյուղական համայնքների ղեկավարների ու ավագանիների կողմից շարժմանը միանալու մասին շարվեշարան ընդունվող հայտարարություն-որոշումներն են։

Շուտով կձևավորվի Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությունը։ Խոշորացման միջոցով նոր ընտրություններ անցկացնելն ու այդ միջոցով սեփական ռեգիոնալ էլիտա ձևավորելը շատ հրապուրիչ կարող է թվալ նոր իշխանության համար։ Երկար չի անցնի ու մենք կտեսնենք նրա արձագանքն այս նույն մարտահրավերին»։