Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ․․․
—————————————–
”Ոստիկանության մասին՛՛ ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝
Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ, իսկ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

Արգելվում է ոստիկանության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:
Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա»: