Արդյո՞ք կարող է ինչ-որ մեկը ձեր անունից գործարք կնքել՝ առանց ձեր լիազորության

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Եթե Ա-ն Բ-ի համար գործարք է կնքում Գ-ի հետ առանց Բ-ի անունից գործելու լիազորության, ապա գործարքը համարվում է կնքված Ա-ի անունից և ի շահ նրա, եթե Բ-ն հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին (ՀՀ ՔաղՕ 319-րդ հոդ․ 1-ին մաս): Դա նշանակում է, որ պայմանագրի մյուս կողմ Գ-ն պայմանագրի կատարում կարող է պահանջել ոչ թե Բ-ից (որի անունից է Ա-ն կնքել գործարքը), այլ հենց Ա-ից։

ՊՐՈԲԼԵՄ․ մինչև պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետի վրա հասնելը Բ-ն սնանկանում է։ Կարո՞ղ է արդյոք Գ-ն Ա-ից պահանջել պայմանագրի կատարում, եթե Ա-ի կողմից Բ-ին ներկայացնելու լիազորության առկայության դեպքում կնքված պայմանագիրը Գ-ին ոչ մի օգուտ չէր տա (Բ-ն՝ իբրև պայմանագրի մյուս կողմ, սնանկ է)։ Պարզ ասած՝ պե՞տք է արդյոք Ա-ն այնուամենայնիվ պարտավորված լինի ամբողջ ծավալով կատարել պայմանագիրը, այնպես որ Գ-ն այդ դեպքում առավելություն է ստանում ներկայացնելու լիազորության բացակայությունից։

ՊԱՏԱՍԽԱՆ․ ՈՉ։ Գ-ն պետք է իրավունք ունենա Ա-ից պահանջելու միայն այն, ինչ կկարողանար կատարել Բ-ն, եթե պայմանագիրը կնքված լիներ նրա անունից։

Բաա :)»