Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անցնում է փակ ռեժիմի. Գևորգ Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ապրիլի 9-ից ուժի մեջ է մտնում նոր քաղ․ դատ․ օր-ը։ Վերաքննիչ քաղ․ դատարանը անցնում է փակ ռեժիմի, մասնավորապես 374-րդ հոդվածով նախատեսվել է այսպես ասած «գրավոր» ընթացակարգ, որն այդ օրենքի իմաստով նշանակում է, որ բողոքը դատական նիստում չի քննվելու, որոշակի երկու բացառությունով։ Օրինակ ասեմ, որ գրավոր ընթացակարգ է գործում նաև ՍԴ-ում, բայց այնտեղ կողմերը ծանուցվում են և կարող են մասնակցել նիստին և տեսնեն ինչպես է իրականացվում արդարադատությունը, իսկ լրագրողներն էլ լուսաբանեն այն։ Այս դեպքում դա չի լինելու։ Իհարկե սա շատ լավ է այն դատավորների համար ովքեր քիչ առնչություն ունեն արդարության և ճշմարտության հետ։ Անձնական փորձից կարող եմ ասել, որ ոչ վաղ անցյալում որոշ դատավորներ նիստերի դահլիճ էին գալիս գործի նյութերն այն աստիճանի չուսումնասիրած, որ առաջարկում էին բողոք բերողին ներկայացնել իր բողոքը, անիմաստ ու աննպատակ “հաշտություն էին” պարտադրում կողմերին, շատ լավ իմանալով որ կոնկրետ դեպքում հաշտություն չի լինելու (կրկին իմ փորձից եմ ասում) ավելին մոռացել են կամ էլ չգիտեն, որ վերջերս ՄԻԵԴ-ը ասեց, որ չի կարելի հաշտություն ՊԱՐՏԱԴՐԵԼ կողմերին (դատավոր Մ-ի գործով), ինչ-որ շատ պատահական սկսում են հետաքրքրվել թե ինչու է քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտը օտարել իր տունը։ Այս բոլոր դեպքերում մինչև նրանց կողմից որոշում կայացնելը գրեթե անշեղորեն իմացել եմ, որ դատավորը շահագրգռված է և համապատասխան դրսևորել եմ կոնկրետ վարքագիծ (և դեռ դրսևորելու էլ եմ անգամ այդ փակ պայմաններում) հետագայում էլ փորձս ցույց է տվել, որ չեմ սխալվել։ Իհարկե այս դատավորներին կարելի է շնորհավորել, քանի որ իրենց ակնհայտ “խայտառակությունները” գոնե տեսանելի չեն լինի, լրագրողները չեն գրի, որ օրինակ դատավորի հանդերձանքը կովբոյի հանդերձանք է հիշեցնում, կամ, որ քաղաքացիական դատավարությունը դրել են մի կողմ և սեփական արժեքային պատկերացումներով են դատ վարում, մատների արանքով նայելով անձանց ճակատագրերին։ Կարծում եմ արդար չէ ողջ ծանրությունը թողնել ընդհանուր իրավասության դատարանի դատավորների ուսերին, իսկ վերաքննիչ ու վճռաբեկ դատարանի դատավորները ․․․ դե իհարկե արտոնյալ են, ոչ լրագրողներ կարող են գալ, ոչ էլ ստիպված են լինելու քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը կարդալ, որոշում է դա էլ կգրեն օգնականները, բնականաբար իրենց շահագրգիռ ցուցումով․․․ Չմոռանամ ասել, որ նույն այդ նախագծի 439-րդ հոդվածի 4-րդ մասով որոշել են կենդանացնել ուժը կորցրած 1998թ-ի քաղ․ դատ․ օր-ը այն գործերի վրա, որոնք դատարան են մուտք եղել մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելը (սահմանադրականի ճգնաժամի նման կամ հավակնել դեռ դա չի նշանակում հավակնել շարքից է)»։