Վճռաբեկ դատարանն արտահայտել է քրեական հետապնդման մարմինների համար սկզբունքային նշանակություն ունեցող երկու դիրքորոշում․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վճռաբեկ դատարանը թիվ ՏԴ2/0005/01/16 գործով արտահայտել է քրեական հետապնդման մարմինների համար սկզբունքային նշանակություն ունեցող երկու դիրքորոշում։

Առաջին` բոլոր այն դեպքերում, երբ հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը կամ դատախազը ողջամտորեն կարող են հանդիսանալ ենթադրյալ հանցագործությունից տուժած անձ, անկախ այն հանգամանքից` դա տեղի է ունեցել իրենց լիազորություններն իրականացնելիս, թե դրանից դուրս, որպես քրեական գործ հարուցելու առիթ չի կարող դիտարկվել ՀՀ քր. դատ. օր–ի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով` հանցագործության հայտնաբերումը: Տվյալ դեպքում հանցագործության օրինական առիթ կարող է լինել նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` ֆիզիկական անձի հաղորդումը: (Այսպես` քննիչ Ա–ն, եթե տեղյակ է, որ առկա է ողջամիտ հավանականություն, որ ինքը կարող է հանցավոր ոտնձգությունից տուժած անձ հանդիսանալ, ապա չի կարող հարուցել քրեական գործ: Օրինակ` նման պայմաններում քննիչի կողմից իր վարույթում գտնվող գործի քննությանը խոչընդոտելու փաստի առթիվ նույն քննիչի կողմից նոր քրեական գործի հարուցումն իրավաչափ չէ – Ա.Ղ.):

Երկրորդ` այն դեպքերում, երբ քրեական գործով որպես տուժող է ճանաչված քննչական մարմնի ծառայողը, կամ վերջինս հանդիսանում է հանցավոր ոտնձգությունից տուժած անձ, անթույլատրելի է տվյալ գործի քննության իրականացումը այդ քննչական մարմնի կողմից, հակառակ դեպքում չի երաշխավորվի գործի անաչառ քննության իրականացումը` կասկածի տակ դնելով ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունը»: